Իրանում սպասում են «Պարսից ծոց–Սև ծով» ՄՏՄ–ի վերաբերյալ ՀՀ–ի առավել ակտիվությանը. փորձագետ

Ալիռեզա Նազիֆ
«Հայկական ուղին» կդառնա Հնդկաստանից և Իրանից Եվրոպա և Ռուսաստան բեռների տեղափոխման այլընտրանքային երթուղի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Իրանն ակնկալում է, որ Հայաստանն առավել ակտիվ դիրքորոշում կունենա «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) իրականացման հարցում։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայ-իրանական բարեկամության միության նախագահ, Թավրիզի Առևտրի պալատի հայկական բաժնի տնօրեն Ալիռեզա Նազիֆը Կապանում կայացած «Հայաստան-Իրան.համագործակցություն և հեռանկարներ» փորձագիտական սեմինարի շրջանակում։
Պաշտոնապես ՄՏՄ նախագծին մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ ՄՏՄ-ն պետք է Երևանի և Թբիլիսիի միջոցով Թեհրանը կապի Եվրոպայի հետ (դա չի նշանակում, որ Իրանն այլ ելք չունի դեպի ԵՄ երկրներ. խմբ.) և մեծացնի մասնակից երկրների տարանցիկ հնարավորությունները։
«Պարսից ծոցից մինչև Սև ծով երթուղին, որն անցնում է Հայաստանի տարածքով, բխում է Երևանի և Թեհրանի շահերից, սակայն ավելի ձեռնտու է հայկական կողմին», - ասել է Նազիֆը։
Նրա խոսքով՝ Իրանը դեպի արտաքին շուկաներ ելք ունի Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով՝ ավանդական երթուղիներով, սակայն Թեհրանի համար կարևոր է Երևանով անցնող ճանապարհը և նրա ավելի ակտիվ ներգրավվածությունն այդ նախագծում:
Հայ-իրանական բարեկամության միության նախագահը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ այդ երթուղով փորձնական բեռնափոխադրումներ են իրականացվել, մասնավորապես ապրանքները Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են վրացական Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Ռումինիա։ Սակայն դրանից հետո ոչ մի տեղաշարժ չկա։

Փորձագետը նշեց, որ երթուղու նախագիծը լիովին մշակված է, բոլոր պայմանները կան իրագործելու համար։ Գործարկման պայմանները քննարկելու համար նա առաջարկում է եռակողմ հանդիպում անցկացնել Իրանի, Վրաստանի և Հայաստանի, ինչպես նաև Հնդկաստանի փորձագետների հետ։

Հիշեցնենք, որ «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ նախագիծը ծախսատար է, հավակնոտ և իրականացման տեսանկյունից բավականին բարդ: 2016 թվականից ի վեր մասնակից երկրները 6 հանդիպում են անցկացրել, որոնցից վերջինի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն:
Հայաստանի տարածքով «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ գործարկումը Երևանի համար չափազանց կարևոր է ոչ միայն լրացուցիչ բեռնափոխադրումներ ներգրավելու, ներդրումների և լոգիստիկ հզորությունների ընդլայնման տեսանկյունից, այլև թույլ կտա ստանալ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական արտոնություններ։ Բացի այդ, տարածաշրջանում կմեծանա Հայաստանի դերը։
«Հայկական ուղին» կդառնա Հնդկաստանից և Իրանից Եվրոպա և Ռուսաստան բեռների տեղափոխման այլընտրանքային երթուղի։
Այսպես բեռները հնդկական «Մումբայ» նավահանգստից կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով` Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ Վերին Լարսի անցակետով)։
Հայաստանով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։
Հայաստան–Իրան–Հնդկաստան առևտրային երթուղին բխում է երեք երկրների շահերից. Սոբհանի