ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքին իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 46 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնին։
Անցած գիշեր իսրայելական ավիացիան ուժգին հարվածներ է հասցրել Տիր քաղաքի կենտրոնին, ինչի հետևանքով չորս բազմահարկ շենքեր ամբողջությամբ ավերվել են, ևս մի քանիսը` լրջորեն վնասվել։
«Ճշտված տվյալներով՝ Տիրի իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է յոթ մարդ, 46 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:
Արտակարգ իրավիճակների կենտրոնից հայտնել են նաև, որ փլատակներում մարմիններ են հայտնաբերվել, անհրաժեշտ փորձաքննություններ կիրականացվեն զոհերի ինքնությունը պարզելու համար: Որոնողական աշխատանքները շարունակվում են հարվածների վայրում՝ անհետ կորածների մարմինները գտնելու նպատակով։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ՝ շարունակելով օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ, խաղաղ բնակիչներից բացի, զոհվել են շիա շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում՝ չդադարեցնելով Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: