ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուս օդաչուները հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականին Երասխի (ՀՀ Արարատի մարզ) շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռում գտնվող մարտական ընկերների հիշատակին:
Երասխ գյուղի «Հիշողության բլուր» հուշահամալիրում ռուսաստանցի զինծառայողները, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Արարատի մարզպետը, մարզպետարանի աշխատակիցներն ու հասարակայնության ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 ռուսական դպրոցի աշակերտները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ԶՈւ–ի հրթիռային համալիրից սպանված մայոր Յուրի Իշչուկի և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինայի կիսանդրիներին: Հիշատակի միջոցառումը կայացել է «Միր» միջազգային մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ։
«Միշտ կփառաբանենք հայրենիքի և եղբայրական ժողովրդի համար մարտնչած խիզախ մարդկանց անունները, արդարության, ազատության, պատմական հիշողության համար իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած մարդկանց անունները: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանց սխրանքը հիշեն մեր երեխաներն ու թոռները։ Հավերժ հիշատակ ընկած մարտիկներին»,- ասել է «ՄԻՐ» հիմնադրամի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:
Հիմնադրամը նպատակ ունի ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի աջակցությամբ «Հիշողության բլուր» հուշահամալիրում տեղադրել նաև Լեռնային Ղարաբաղում մարտական խնդիրներ կատարելիս զոհված ռուս խաղաղապահների հուշարձանը:
2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի տարածքում՝ Նախիջևանի կողմից Երասխի մոտակայքում, ադրբեջանական զինվորականների կողմից խոցվել է 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյունն ուղեկցող ռուսական Մի-24 ուղղաթիռը։ Հրթիռի հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել լեռնային տարածքում՝ Հայաստանի սահմաններում։ Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։