ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում օրական միջինը 67 երեխա է մահանում։ Այս մասին հայտարարել է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աշխատակից Լուիզա Ուոթերիջը: Նրա խոսքով՝ անկլավում զոհվածների գրեթե 70 տոկոսը կանայք և երեխաներ են։
«Ընդհանուր առմամբ, զոհերի 44 տոկոսը երեխաներ են։ Ամենակրտսերը մի տղա էր, որը մեկ օրական էր», - ասել է Ուոթերիջը, հաղորդում է Al Jazeera-ն։
Ավելի վաղ ՄԱԿ-ում հայտարարել էին, որ Գազայի հատվածը դարձել է անդամահատումներով ամենաշատ երեխաներ ունեցող վայրը:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։
Առողջապահության նախարարության տվյալներով`հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 42 հազար պաղեստինցի, ավելի քան 100 հազարը տուժել են։