ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարություններն այն մասին, որ ամերիկյան հեղուկ գազն ավելի էժան է, քան ռուսականը, կեղծ են և պոպուլիստական։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունները մաքուր պոպուլիզմ են։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Եվրոպան փնտրում է սփոթային ծավալներ (կարճաժամկետ), քանի որ նախատեսում է ապագայում զգալիորեն կրճատել գազի սպառումը։ Իսկ կարճաժամկետ կարգոները նույն արժեքն ունեն. դրանց գինը բխում է մատակարարման շուկայից, այլ ոչ թե ծագման շուկայից», – նշել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ օրինակներ, երբ ամերիկյան մատակարարները էներգակիրներ կմատակարարեին շուկա ինչ-որ հատուկ գներով, հայտնի չեն։ Սպառողները հեղուկ գազը գնում են շուկայական գներով, և ռուսական կամ ամերիկյան ապրանքների մատակարարումը բացառություն չէ:
«Հերթական ֆեյքն ենք արձանագրում Ուրսուլայից», – եզրափակել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կառաջարկի Ռուսաստանից հեղուկացված գազը փոխարինել ամերիկյան գազով: Նա նաև հայտարարել էր, որ ամերիկյան LNG-ն ավելի էժան է և թույլ կտա նվազեցնել էներգակիրների գները: