ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Վոլոկոնովսկի շրջանի Նովոյե գյուղը կրկին հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում:
Ինչպես նշել է Գլադկովը, մասնավոր տան տարածքում ԱԹՍ-ով պայթուցիկ սարքեր են նետվել։
«Վնասվածքներ են ստացել մի կին և մի տղամարդ, որոնք այդ պահին գտնվում էին փողոցում։ Անցնող տրանսպորտով նրանք տեղափոխվել են Վոլոկոնովսկի կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկները կնոջ մոտ ախտորոշել են ոտնաթաթի վնասվածք, տղամարդու մոտ՝ ոտքի բեկորային վնասվածք: Բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո նրանք կանցնեն ամբուլատոր բուժման», - հստակեցրել է Գլադկովը։
Երրորդ տուժածը ևս վնասվածքներ է ստացել անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք նետելու հետևանքով: Տղամարդուն տարբեր բեկորային վնասվածքներով տեղափոխել են Վալույսկի հիվանդանոց։ Գլադկովի խոսքով՝ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Բացի այդ, գյուղում վնասվել են երկու մարդատար ավտոմեքենաներ և մեկ «Գազել»: Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում: Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է: