ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ-ում ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտրով զբաղվող ՍՊԸ–ի մի քանի աշխատակիցների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեից նշում են, որ ՍՊԸ–ի պատասխանատու անձինք աշխատակիցների օժանդակությամբ 2020 թ․ հունվար ամսից մինչև 2023 թ․ հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում խախտել են ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները և ՀՀ պետական բյուջե չեն վճարել 118 մլն դրամ։
«Մասնավորապես, վաճառքներ իրականացնելիս չեն տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՍՊԸ–ի 6 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու փաստով։
Նշվում է, որ չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ համակցված՝ գրավ և բացակայելու արգելք։
ՍՊԸ–իպատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 118 մլն դրամ։