Ժամանակը Կիևի օգտին չէ. Օրբանը` Զելենսկու կողմից մերժած հաշտության առաջարկի մասին

Օրբանը բազմիցս ասել է, որ Ուկրաինայի ռազմական հաջողությունը քիչ հավանական է, և ավելի լավ է կենտրոնանալ բանակցությունների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փորձել է Վլադիմիր Զելենսկիին համոզել, որ ժամանակը Կիևի կողմից չէ և առաջարկել է օգնել հաշտություն կազմակերպելու հարցում, սակայն մերժում է ստացել։ Այս մասին Բուդապեշտում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է ինքը՝ Օրբանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես Կիև եմ գնացել ոչ թե ուկրաինացիների վրա ճնշում գործադրելու համար, այլ օգնություն առաջարկելու։ Նախագահ Զելենսկիին ասել եմ. «Ժամանակը ձեր օգտին չէ, պատրաստ եմ օգնել հաշտություն կնքել, այնուհետև հասնել ընդունելի խաղաղության։ Սակայն Զելենսկին պատասխանել է, որ ժամանակն է իրենց դաշնակիցն է: Դրանից հետո ես միայն շնորհակալություն հայտնեցի նրան՝ ասելով, որ այդքանով իմ առաքելությունն ավարտված է»,- ասել է հունգարացի առաջնորդը:
Դրանից հետո Օրբանը, իր իսկ խոստովանությամբ, աշխատում է խաղաղության նախաձեռնությունների միջազգային լայն աջակցություն ստեղծելու ուղղությամբ՝ պնդելով, որ վաղ թե ուշ հրադադարի և բանակցությունների ստիպված են լինելու վերադառնալ:
«Արել եմ այն, ինչ կարողացել եմ, բայց երբեք չէի համարձակվի թելադրել ուկրաինացիներին իրենց ուղին։ Դա նրանց երկիրն է, նրանց ապագան, նրանց ճակատագիրը», - ընդգծել է Օրբանը։
Ավելի վաղ Օրբանի վարչակազմի ղեկավար Գերգեյ Գույաշը նույնպես հայտարարել էր, որ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով ,խաղաղ բանակցություններում հետաքրքրված պետք է լիներ Կիևը։ Ինքը՝ Օրբանը, բազմիցս ասել է, որ Ուկրաինայի ռազմական հաջողությունը քիչ հավանական է, և ավելի լավ է կենտրոնանալ բանակցությունների վրա։
Հուլիսի սկզբին Օրբանը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու հետ։
Ավելի ուշ Հունգարիայի վարչապետը ԵՄ առաջնորդներին ներկայացրել է հակամարտության կարգավորման ծրագիր՝ առաջարկելով իրավիճակի իրատեսական գնահատման և իրագործելի նպատակների վրա հիմնված մոտեցում։