ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Կապան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել են Կապան քաղաքի երկու բնակիչ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ծեծի են ենթարկել Կապանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենին։
ՔԿ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 30-ին ժամը` 19:08-ին, «Կապանի ԲԿ»-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի 63-ամյա բնակիչ, որն ավելի ուշ տեղափոխվել է Երևանի «էրեբունի ԲԿ»։
Պարզվել է, որ հոկտեմբերի 30-ին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող սննդի կետում Կապան համայնքի 63–ամյա բնակչի («Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենի) և նույն քաղաքի 31-ամյա բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել։ Նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը նույն քաղաքի 31 և 29-ամյա բնակիչների հետ գնացել է ՍՊ ընկերության վարչական շենքի մուտքի մոտ։
«Հանդիպելով ընկերության տնօրենին, Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել ՍՊԸ տնօրենի մարմնի տարբեր մասերին, գլխին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։ Նշված անձինք ծեծի են ենթարկել նաև ընկերության տնօրենի վարորդին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կապան քաղաքի 31-ամյա երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Կապան քաղաքի 29-ամյա բնակչի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժին։
Նախաքննությունը շարունակվում է։