ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Դենիս Մացուևի երևանյան համերգըդասական երաժշտության և ջազային իմպրովիզացիաների սիմբիոզ է լինելու: Այս մասին դաշնակահարը լրագրողներին հայտնել է Երևան ժամանելուն պես։
Երաժշտի խոսքով՝ համերգին իմպրովիզներ կարվեն և՛ դասական, և՛ ջազային մեղեդիների համար։
Դենիս Մացուևը
© Sputnik
«Ես այս ծրագիրը կանվանեի «Ջազ դասականի ձեռքերով», այն թեթև է, իմպրովիզացիոն։ Կարող եք լսել, օրինակ, «Իշամեղվի թռիչքը», բացառված չէ, որ կլինի նաև «Սուսերով պարը»։ Ըստ էության՝ Աստված ինքն է ուղղորդել նվագել Երևանում։ Չեմ բացահայտի բոլոր գաղտնիքները։ Ցանկացած ջազ-համերգ ինքնատիպ է: Կրկնել այն անհնար է։ Այո, մենք ունենք հիմնական համերգային ծրագիր, բայց թե ինչ կլինի տեղում՝ ոչ ոք, ներառյալ երաժիշտները, որոնք բեմ դուրս կգան, չգիտեն», - նշել է Մացուևը։
Երաժիշտըխոստովանել է, որ ջազն իր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում։ Նրա խոսքով՝ ինքը երբեք իրեն ջազմեն չի անվանի, քանի որ դա առանձին մասնագիտություն է։ Բայց առանց ջազի նա չի կարող գոյություն ունենալ և՛ բեմում, և՛ կյանքում։ Մացուևը հույս ունի, որ երաժիշտներն ու հանդիսատեսը հաճույք են ստանում հանճարեղ երաժշտության միջոցով շփվելուց:
«Այս համերգի մթնոլորտը շատ բուռն է, շատ էներգատար և շատ ուրախ։ Կարծում եմ` մարդը, որը գալիս է համերգին, պետք է ժպիտով հեռանա», - ասել է նա։
Դենիս Մացուևը
© Photo : provided by David Grigoryan
Դաշնակահարը չի թաքցնում, որ Երևանի հանդեպ շատ ջերմ զգացողություններ ունի։ Հայաստանում նա իրեն միշտ զգում է շատ ջերմ, ինչպես տանը, իսկ ֆիլհարմոնիկի դահլիճն դարձել է նրա տունը։ Նա կատակով ասում է, որ Երեւան է եկել միայն իր սիրելի հայկական խոհանոցի համար, և նույնիսկ 2 օր հաց չի կերել, պատրաստվել է՝ իմանալով, թե ինչ հյուրասիրություն կլինի այստեղ։
Իսկ եթե լուրջ, ապա Մացուևը շատ հայ ընկերներ ունի, հատկապես երաժիշտների մեջ։
Աշխարհահռչակ դաշնակահարը գիտի, որ իսկական արվեստը Երկիր մոլորակի ցանկացած կետում այժմ պետք է թթվածնի կամ դեղիպես: Քանի որ յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է ստանալ այն ազդակը, որը գալիս է բեմից։
Նշենք, որ ռուսաստանցի դաշնակահար Դենիս Մացուևը նոյեմբերի 9-ին Երևանում՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, հանդես կգա մենահամերգով:
Մացուևը Հայաստանում եղել է մի քանի անգամ, վերջինը՝ անցած տարվա փետրվարին։ Սակայն նրա համար առանձնահատուկ էր 2011 թվականին մաեստրո Վալերի Գերգիևի, Մարիինյան թատրոնի նվագախմբի, կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի և բալետմայստեր Մայա Պլիսեցկայայի հետ այցելությունը։