Ինչո՞ւ ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը մասնակցեց Արսենյանը. պարզաբանում է փորձագետը

ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպում
Դավիթ Հարությունովի խոսքով` ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության համագործակցությունը մինիմալիզացնելը ՀՀ ղեկավարության քաղաքականության տրամաբանության մեջ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի չմասնակցելը մի քանի պատճառ ունի, որոնցից մեկն այն է, որ հայկական կողմը վերակառուցում է իր անվտանգային ոլորտը` ավելի շատ հիմնվելով Արևմուտքի վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը։
Նոյեմբերի 7–ին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպում անցկացվեց, որին մասնակցում էին ոչ միայն անդամ պետությունների ԱԽ քարտուղարները, այլև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Մարչել Չենուշան։ Հայաստանը ներկայացնում էր ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, իսկ ՀՀ ԱԽ քարտուղարը նոյեմբերի 8-ին մեկնել է Վիլնյուս` մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» գագաթնաժողովին։
«Դա ՀՀ ղեկավարության վերջին շրջանի քաղաքականության տրամաբանության մեջ է, որ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության համագործակցությունը մինիմալիզացվի։ Եթե ՀԱՊԿ–ի հետ կապված արդեն բավականին երկար պատմություն կա, որ Հայաստանի մասնակցությունը կա՛մ սառեցված, կա՛մ նվազեցված է, ապա ԱՊՀ–ի դեպքում մի փոքր այլ է։ Այն, ինչ կապված է քաղաքական և տնտեսական ոլորտների հետ, ապա Հայաստանը դեռ շարունակում է համագործակցել, բայց որոշ ոլորտներում էլ փորձում է մանևրել։ Այս միջոցառումն անվտանգային բնույթ ունի, ու այստեղ արդեն առանձնահատկություններն են սկսվում, որովհետև Ռուսաստանը փորձում է ամեն կերպ ընդլայնել այդ համագործակցությունը»,– նշեց Հարությունովը։
Ըստ փորձագետի` ևս մեկ պատճառ էլ կարող է լինել հենց Արմեն Գրիգորյանի անձը, քանի որ նա ՌԴ–ում ավելի շատ որպես արևմտամետ գործիչ է ընկալվում ու վերջին շրջանում նաև ՆԱՏՕ–ի ներկայացուցիչների հետ է ակտիվ կոնտակտներ ստեղծում։
Նրա խոսքով` եթե հայկական կողմից որևէ մեկն առհասարակ չմասնակցեր այս հանդիպմանը, ապա դա շատ կոշտ դեմարշ կլիներ, մասնավորապես այն պայմաններում, որ ԱՊՀ–ի հետ կապված խնդիրներ չկան։ Գուրգեն Արսենյանին այդ հանդիպմանն ուղարկելով` ուղղակի փորձ է արվել խուսափել կոշտ արձագանքներից։