ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ռազմական ուժերը «ցամաք-օդ» հրթիռով խոցել են ամերիկյան MQ-9 հետախուզական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իր աղբյուրին:
««Անսար Ալլահ» շարժման ՀՕՊ ուժերը «երկիր-օդ» հրթիռով խոցել են ամերիկյան MQ-9 հետախուզական անօդաչու թռչող սարքը, որը գտնվում էր Եմենի հյուսիսում՝ Էլ-Ջաուֆ նահանգի օդային տարածքում՝ Սաուդյան Արաբիայի հետ սահմանից ոչ հեռու»,-պատմել է աղբյուրը:
Ավելի վաղ հութիները հայտնել էին, որ անցյալ տարվա աշնանից Եմենի երկնքում ԱՄՆ-ի 9 անօդաչու թռչող սարք են խոցել:
Անցյալ տարվա հոկտեմբերին «Անսար Ալլահը» հայտարարել էր, որ Գազայի հատվածում հրթիռային և օդային հարձակումների միջոցով կաջակցի պաղեստինյան խմբավորումներին իսրայելական բանակի հետ դիմակայության հարցում: Մասնավորապես, հութիները հայտարարել են Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում չմոտենալ դրանց: Ընդ որում, հութիները հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն հարձակվում այլ երկրների նավերի վրա: