Հայաստանի հավաքականի մարզչական շտաբն առաջիկա հանդիպումներում կգլխավորի Սուրեն Չախալյանը

Արմեն Մելիքբեկյանը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում այս պահին կան թեկնածուներ, որոնց հետ բանակցում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերին կայանալիք հանդիպումներում կգլխավորի Սուրեն Չախալյանը։ Տեղեկությունը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Նշենք, որ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո հեռացվեց պաշտոնից։
«Գլխավոր մարզչի պաշտոնում այս պահին կան թեկնածուներ, որոնց հետ մենք հիմա բանակցում ենք։ Շատ տարբեր տրամաչափի մասնագետների հետ ենք հիմա բանակցում, բայց այս պահին որևէ պարզաբանում չեմ տա այդ առումով, քանի որ դա կարող է վնասել բանակցային գործընթացը»,- նշել է ՀՖՖ նախագահը։
Հիշեցնենք, որ մեր ընտրանին Ֆարերյան կղզիների հավաքականի հետ առաջիկա հանդիպումը կանցկացնի Երևանում նոյեմբերի 14-ին։
Ռաուլը կարող է դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ