ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական ավիատիեզերական VI կոնգրեսը կկայանա նոյեմբերի 12-ին Մոսկվայի «Ռոսիա» ազգային կենտրոնի հարթակում: Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Միջոցառմանը ներկա կլինեն ավելի քան 600 պատվիրակներ Ռուսաստանից, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից և բոլոր մայրցամաքների բարեկամ պետություններից», - ասված է հաղորդագրության մեջ:
Կոնգրեսի գլխավոր թեման ավիատիեզերական գործունեության ռազմավարական փոփոխություններն են և դրա հետ կապված խնդիրներն ու կառավարչական մարտահրավերները:
Միջոցառման մասնակիցները կքննարկեն բարձր տեխնոլոգիական ոլորտներին վերաբերող արդիական հարցեր, որոնք ուղղված են ներմուծման փոխարինման և գոյություն ունեցող արտադրությունների վերակազմավորման մի շարք խնդիրների լուծմանը, ժամանակակից և մրցունակ արտադրանքի թողարկման ծավալի ավելացմանը։
Կոնգրեսի աշխատանքները կբացվեն լիագումար նիստով, որի ընթացքում կներկայացվեն ավիացիոն և տիեզերական ոլորտի հեռանկարային զարգացման ռազմավարական բնույթի հարցեր: Միջոցառման շրջանակում կանցկացվեն նաև թեմատիկ խորհրդաժողովներ և կլոր սեղաններ:
Կոնգրեսը կանցկացվի Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության, ինչպես նաև ավիացիոն և տիեզերական արդյունաբերության առաջատար ձեռնարկությունների աջակցությամբ:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: