Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Բաբինյանը աջափնյակցիներին մաղթել է բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Կամսար Բաբինյանն այսօրվանից դադարեցնում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները: Տեղեկությունը հրապարակվել է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։
«Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն: Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում»,- ասել է Բաբինյանը:
Նա աջափնյակցիներին մաղթել է բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:
Հիշեցնենք՝ Կամսար Բաբինյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2022 թվականի ապրիլի 6-ին՝ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով ՔՊ-ական իր աղբյուրին, գրել էր, որ Կամսար Բաբինյանը հրաժեշտ է տվել իր անձնակազմին ու հեռացել։ Թերթը նշել էր, որ նա քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, անկուսակցական։ Թաղապետարանում նրա հեռանալը կապում են Տիգրան Ավինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև խորացող կոնֆլիկտի հետ։