ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի 40-ամյա բնակչի աշխատավայրում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են հայտնաբերվել և պարզվել է, որ վերջինս նպատակ ունի դրանք իրացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 40-ամյա քաղաքացին աշխատում է Արարատի մարզի հյուրանոց–ռեստորաններից մեկում, իսկ թմրամիջոցները ձեռք է բերել Իրանի` դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացուց։
«Քրեական վարույթի շրջանակներում 2024թ–ի նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է այդ նույն հյուրանոց-ռեստորանում որպես մատուցող աշխատող անձը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր, ըստ իր հայտարարության, «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Հետագայում պարզվել է, որ թմրամիջոցի նմանվող 2,42 գրամ քաշով զանգվածը մեթամֆետամին է, որը ձեռք է բերել 40-ամյա տղամարդուց»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Երևանի 40-ամյա բնակչի աշխատավայրում հայտնաբերվել է 772գ մարիխուանա, 559գ հաշիշ և 274գ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ՝ փաթեթավորված վիճակում, ինչպես նաև բազմաթիվ զիպ փականներ, կշեռքներ։
Նշանակվել է համապատասխան փորձաքննություն։
Բացի այդ, նշված անձի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր շուրջ 500 փաթեթ առանց ակցիզների, տեղական և արտերկրյա արտադրության տարբեր տեսակի ծխախոտների տուփեր։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու հիմքով և նրան մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։