ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ԱԺ–ում լրագրող Վահե Մակարյանի (աշխատում է Mediahub.am կայքում) հավատարմագրումը դադարեցնելու որոշումն ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի։ Այս մասին գրել է փաստաբան Սոս Հակոբյանը, որը ստանձնել է Մակարյանի պաշտպանությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մակարյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի շենքի ներսում վեճ է բռնկվել, որի հետևանքով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի որոշմամբ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշում է կայացվել։
«Կարևորում ենք այս որոշման ապօրինի ճանաչելը նաև այն առումով, որ իշխանությունների բարեհաճությանը կոնկրետ պահի չարժանացած լրագրողների հավատարմագրումը դադարեցնելու արատավոր պրակտիկան ստանա իրավական գնահատական՝ համարելով այն խոսքի ազատության, տեղեկատվության ազատության հիմնարար սկզբունքների ճնշման փորձ»,-գրել է Հակոբյանը։
Պաշտպանը նոյեմբերի 7–ին դիմել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ դեպքի մանրամասները արձանագրած տեսախցիկների տեսաձայնագրությունները ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այդ տեսաձայնագրությունները իրավական գործընթացների համար առնվազն մեկ տարի պահպանելու խնդրանքով։