Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ Մոսկվայում երեկ կայացել է ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը, որին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փոխարեն մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
Ի դեպ, Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում այսօր մասնակցելու է «Ժողովրդավարության ապագան» խորագրով համաժողովին: Բացի անվտանգության խորհրդի քարտուղարներից, մոսկովյան հանդիպմանը մասնակցել են ԱՊՀ-ի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն ու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
ԱՊՀ-ի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՊՀ-ի անդամ երկրները մինչև 2030 թվականը կմշակեն ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծ։
«Քանի որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում ընկալվում է որպես արևմտամետ, ապա ԱՊՀ-ի անդամ երկրների անվտանգության խորհրդի քարոտւղարների ամենամյա հավաքին դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը կարող է պայմանավորված լինել նաև Գրիգորյանի անձով».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։