Ոչ ոք երաշխիք չի տալիս, որ միջուկային զենք չի կիրառվի. Պուտին

Վլադիմիր Պուտին
Սեփական անպատժելիության հանդեպ Արևմուտքի հավատը ողբերգության սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ վերնախավեր չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համակարգի ստեղծումը, որը համապատասխանում է մեծամասնության շահերին։ Այս մասին Պուտինը հայտարարեց Սոչիում ընթացող «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ։
«Այդպիսի կույր հավատը սեփական անպատժելիությանը (արևմտյան երկրների), կարող է համաշխարհային աղետի վերածվել»,– նշեց Պուտինը։
Միջազգային հակամարտություններն ու բախումները հղի են փոխադարձ ոչնչացմամբ, և ոչ ոք երաշխիք չի տալիս, թե միջուկային զենք չի կիրառվի։
«Այդ զենքը գոյություն ունի և անընդհատ կատարելագործվում է, տեխնոլոգիաների զարգացման ֆոնին էլ նոր ձևեր է ստանում։ Նմանատիպ զենք ունեցողների ակումբն էլ ընդլայնվում է։ Ոչ ոք չի երաշխավորում, որ սպառնալիքների հոսքի և իրավական ու բարոյական նորմերի վերջնական ոչնչացման դեպքում այն չի գործի»,– ասաց Պուտինը։
Նա նաև կարծում է, որ Ռուսաստանին` միջուկային զենքի ամենամեծ զինանոց ունեցող երկրին, ռազմավարական պարտության մատնելու Արևմուտքի կոչերը ցույց են տալիս որոշ քաղաքական գործիչների անսահման արկածախնդրությունը։
«Վալդայ» միջազգային բանավեճի ակումբը քաղաքագիտության, տնտեսագիտության, պատմության և միջազգային հարաբերությունների ոլորտի առաջատար արտասահմանյան և ռուս փորձագետների միավորում է։