ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Մ.Հ.–ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանում աշխատակիցները հայտնաբերել են 34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Դեպքը գրանցվել է նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում։
Մ.Հ.–ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանի թաքստոցը
© Photo : official site of the Penitentiary of RA
«Զննությամբ ծառայողները սառնարանի վերևի հատվածում հնարամտորեն պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավեններով և շինարարական փրփուրով փաթեթավորված 34 բջջային հեռախոս, 30 USB լար, 5 ականջակալ, 5 բաժանորդային քարտ և լիցքավորման սարքի 3 գլխիկ»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
Քրեակատարողական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։