ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռը մարդասիրական օգնության խմբաքանակ է հասցրել Լիբանանի բնակչությանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Հումանիտար գործողությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգին համապատասխան և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ», - ասվում է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` Իլ-76 ինքնաթիռը մոտ 24 տոննա ընդհանուր զանգվածով մարդասիրական բեռ է հասցրել, որում եղել է դեղորայք, սննդամթերք ( այդ թվում ՝ մանկական), ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր:
Սա Ռուսաստանի ԱԻՆ-ի մարդասիրական օգնության արդեն երրորդ հատուկ թռիչքն է։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։