ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանային կազմակերպությունների համար հատուկ դեր է կանխատեսում նոր աշխարհում, քանի որ հարևան երկրները նույնատիպ շահեր ունեն:
«Կարծում եմ, որ ապագայում հատուկ դեր կխաղան տարածաշրջանային կազմակերպությունները։ Հարևան երկրներին, որքան էլ բարդ լինեն նրանց միջև հարաբերությունները, միշտ միավորում են կայունության և անվտանգության ընդհանուր շահերը, պարզ փոխզիջումները, որոնք խիստ անհրաժեշտ են սեփական զարգացման լավագույն պայմանների հասնելու համար», -հայտարարել է Պուտինը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստում:
ՌԴ առաջնորդը նշել է, որ այսօր աշխարհում կատարվողը «բոլորը բոլորի դեմ» հակամարտություն չէ, դա համաշխարհային փոքրամասնության պայքարն է գերիշխանության պահպանման համար:
«Ի՞նչ հակամարտություն ենք մենք տեսնում այսօր։ Համոզված եմ, որ սա ամենևին էլ «բոլորը բոլորի դեմ» հակամարտություն չէ, որն առաջացել է ինչ-որ կանոններից նահանջելու հետևանքով, որոնց մասին մեզ հաճախ ասում են Արևմուտքում։ Բոլորովին: Մենք տեսնում ենք հակամարտություն մոլորակի բնակչության գերակշռող մասի, որը ցանկանում է ապրել և զարգանալ հսկայական հնարավորություններ տվող փոխկապակցված աշխարհում, և համաշխարհային փոքրամասնության միջև, որը միայն մի բանով է մտահոգ, ինչպես արդեն ասացի՝ իր գերիշխանության պահպանմամբ»,-ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի կարծիքով՝ մեկ երկրի կամ մարդկության փոքր մասի մոդելը չպետք է ընդունվի որպես համընդհանուր և պարտադրվի մյուսներին։
«Չպետք է լինի մի իրավիճակ, երբ մի երկրի կամ մարդկության համեմատաբար փոքր մասի մոդելն ընկալվում է որպես համընդհանուր ինչ-որ բան և պարտադրվում բոլորին»,-կարծում է Պուտինը:
«Վալդայ» միջազգային բանավեճի ակումբը քաղաքագիտության, տնտեսագիտության, պատմության և միջազգային հարաբերությունների ոլորտի առաջատար արտասահմանյան և ռուս փորձագետների միավորում է: