ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների ցանկացած հնարավոր հանդիպում պետք է փորձագիտական մակարդակով լավ նախապատրաստվի, առայժմ ոչ մի աշխատանք չկա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միանգամից հանդիպումներ չեն լինում։ Ցանկացած հանդիպում պետք է լավ նախապատրաստվի, և յուրաքանչյուր հանդիպումից առաջ փորձագիտական մակարդակով մեծ աշխատանք է կատարվում։ Առայժմ ոչ մի աշխատանք չկա։ Դեռ վաղ է, ո՞ւմ հետ աշխատել: Բայդենի վարչակազմի հետ մենք չենք աշխատում, տեխնիկական շփման ինչ-որ ուղիներ կան, բայց դրանք առարկայական բնույթ չեն կրում», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է ընտրիչների 277 քվե, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ է 270–ը։
Նշենք, որ ԱՄՆ–ում 344 մլն բնակչությունից ընտրելու իրավունք ունի 244 միլիոնը։