Օլաֆ Շոլցը Բաքու չի մեկնի. հայտնի է պատճառը

Ադրբեջանի մայրաքաղաքում նոյեմբերի 11-22-ը անցկացվելու է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության հարցերով COP29 կոնֆերանսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին։ Տեղեկությունը հայտնում է Politico.eu կայքը` վկայակոչելով երկրի կառավարության ներկայացուցչին։
Շոլցը մասնակցությունը չեղարկել է Գերմանիայում քաղաքական ճգնաժամի հետևանքով։
Նշվում է, որ Շոլցը պետք է ներկա գտնվեր Բաքվում կայանալիք գագաթնաժողովի առաջնորդների հանդիպմանը, բայց նոյեմբերի 6-ին եռակուսակցական իշխող կոալիցիան փլուզվեց, ինչն էլ կարող է հանգեցնել Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների 2025 թ. հունվարին։
Գագաթնաժողովը բաց կթողնեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Հիշեցնենք` ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ այս պահին COP29–ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չկա։