Գործադիրը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպյանի թեկնածությունը. ի՞նչ խոստացավ նա

Մեսրոպ Մեսրոպյան
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե Մեսրոպյանն ինչ կարծիք ունի վերջին շրջանում հանրային տիրույթում ակտիվ քննարկվող երկու հարցերի առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Կոտայքի նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։
Նոյեմբերի 5-ին հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանին։
Կառավարության նիստը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե Մեսրոպյանն ինչ կարծիք ունի վերջին շրջանում հանրային տիրույթում ակտիվ քննարկվող երկու հարցերի առնչությամբ։ Խոսքը վերաբերում է ՀԾԿՀ սուբյեկտ հանդիսացող կառույցների կողմից գնումների գործընթացի կազմակերպմանն ու մատուցվող ծառայությունների որակի խնդրին։
«Որակի ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ անելիք կա կատարված ներդրումների արդյունավետությունը հասկանալու համար»,- ասաց Մեսրոպյանը։
Նա խոստացավ, որ նշանակվելու դեպքում առաջնահերթության կարգով խոր աուդիտ կանցկացնի վերջին 10 տարում կատարված ներդրումներն ու դրանց արդյունավետությունը գնահատելու համար։
«Գնումների մասով պետք է բացառել տվյալ ընկերությունների հետ փոխկապված կառույցների մասնակցությունը, քանի որ կյանքը ցույց է տալիս՝ երբ ունենում ենք նման դեպքեր, թե՛ ձեռք բերված սարքերն ու ծառայություններն ունենում են շուկայականից ավելի բարձր գներ, թե՛ որակի վերահսկողությունը հեռու է լինում ցանկալի արդյունքից»,- ասաց Մեսրոպյանը։
Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է կես տարի` 2020 թվականի նոյեմբերի 26–ից մինչև 2021 թվականի մայիսի 27-ը։ Մինչ այդ նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր:
Հիշեցնենք` հոկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ–ին։ Գրեթե միաժամանակ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, որը մինչ նախարարություն տեղափոխվելը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀԷՑ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»–ում։ Մամուլը երկու պաշտոնյաների հրաժարականները պայմանավորում է էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, նաև այդ հարցով ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով: