Կոստանյանն ինքն է հաղորդում ներկայացրել «վիզաների բիզնես» անող աշխատակցի մասին

Կոստանյանը տեղյակ չէ՝ իր նախկին վարորդը հիմա երկրում է, թե փախուստի է դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ինքն է հաղորդում ներկայացրել դատախազություն նախարարության աշխատակցի վերաբերյալ, երբ տեղեկություններ է ստացել նրա, այսպես ասած, «վիզաների հնարավոր բիզնեսի մասին»։ Նա այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառավարության նիստից հետո։
«Նա իմ վարորդը չէր, այլ ԱԳՆ-ի, որը նախարարությունում աշխատել է նաև մինչև իմ ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը»,- ասաց Կոստանյանը
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության սկանդալի մասին։ Ըստ թերթի՝ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար գումար է վերցրել տարբեր մարդկանցից:
Կոստանյանի խոսքով՝ հաղորդումը ներկայացվել է սեպտեմբերի 14-ին, վարորդն աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին։
«Սակայն սեպտեմբերի 14-ից հետո նա այլևս ինձ չի սպասարկել»,- շեշտեց նախարարի տեղակալը։
Ինչպե՞ս է կարողացել նախարարության վարորդը «վիզաների բիզնես» անել։ Կոստանյանի խոսքով՝ վարույթ է նախաձեռնված, և ինքը հույս ունի, որ շուտով թե՛ ինքն անձամբ, թե՛ հանրությունը կիմանա, թե ինչպես է դա եղել։
Կոստանյանը նաև տեղյակ չէ՝ արդյոք աշխատակիցը հիմա երկրում է, թե փախուստի է դիմել։