ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Իսրայելական անօդաչու թռչող սարքը լիբանանյան Սայդա քաղաքի մերձակայքում՝ Բեյրութից 35 կմ հարավ, հարձակվել է մեքենայի վրա, զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան բժշկական ծառայության աղբյուրը։
«Իսրայելական անօդաչու թռչող սարքը հրթիռ է արձակել Սայդա քաղաքի մերձակայքում գտնվող զինվորական անցակետի մոտ ամենագնաց մեքենայի վրա։ Մեքենայում գտնվող երեք մարդ մահացել են։ Վնասվածքներ են ստացել նաև ՄԱԿ-ի չորս խաղաղապահներ, որոնք հարվածի պահին գտնվել են իրենց մեքենայում», - հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Բեյրութ-Դամասկոս մայրուղու վրա՝ Բեյրութի մոտակայքում, իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է քաղաքացիական մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մի կին է զոհվել, ևս մեկ մարդ վիրավորվել է:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ՝ շարունակելով օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ, խաղաղ բնակիչներից բացի, զոհվել են շիա շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում՝ չդադարեցնելով Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: