Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում սկսվել են 360 մ թունելի կառուցման աշխատանքները

Բետոնացման աշխատանքներ
Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել են 360 մ երկարությամբ թունելի հորատման և ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32 կմ ճանապարհ, երկու թունել (360 մ և 520 մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ճանապարհի կառուցման ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի։
Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մասնակցության ընդհանուր ծավալը կազմում է 350 մլն ԱՄՆ դոլար։
Ճանապարհն անցնում է ՀՀ 5 մարզով և Երևանով։ Այս ճանապարհից տարեկան օգտվում է 1.5 մլն մարդ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա հայ արտադրողների համար բարելավել շուկաների հասանելիությունը և էապես մեծացնել երկրով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալները։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն ավելի քան 9 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից։ Հիմնադրամի նպատակն է նպաստել անդամ երկրների տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը։
2025 թ-ին ՀՀ ճանապարհաշինության մոտ 30 %–ը բաժին կհասնի «Հյուսիս–հարավին»․ Սանոսյան