ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում նախատեսվում է երիտասարդների տարիքային շեմ սահմանել 13–35 տարեկանը։ «Երիտասարդության քաղաքականության մասին» նոր օրենքի նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` նոր օրինագծով կսահմանվի պետական քաղաքականության առաջնահերթությունները, և այն շրջանակային փաստաթուղթ կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար։
«Այս օրինագիծը միտված է լինելու երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, հիմնախնդիրների լուծմանն ու դրանց շուրջ քննարկումների ծավալմանը»,– նշեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ այս նպատակի իրականացման համար դեռ 2022 թվականից ՀՀ մարզերում կառավարության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ մեկնարկել է երիտասարդական 5 կենտրոնների գործունեությունը Ապարանում, Մեղրիում, Դիլիջանում, Իջևանում և Վանաձորում։
Անդրեասյանի խոսքով` այս տարի տարբեր մարզերում կենտրոնների թիվը կավելանա ևս 4–ով, իսկ 2025 թվականին` ևս 6–ով, որոնք նաև հասցեագրած կլինեն չաշխատող, չսովորող երիտասարդներին։
«Այս երիտասարդական կենտրոններում կա ամենատարբեր զբաղմունքների հնարավորություն։ Երիտասարդները համայնքում արդեն տեղ ունեն հավաքվելու, իրենց գաղափարները քննարկելու և դրանցից մի լավ ու հետաքրքիր ծրագիր առաջարկելու, հետո իրականացնելու համար»,– ասաց նախարարը։
Ի դեպ, կառավարության տվյալներով` ՀՀ–ում 18–29 տարեկան չաշխատող, չսովորող երիտասարդների տարեկան միջին թիվը հասնում է մոտ 100 հազարի։
Օրենսդրական այս նախագիծը ներկայացվեց Ազգային ժողով` քննարկման։