ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ից դեպի ԵԱՏՄ երկրներ մետաղի ջարդոն արտահանելու արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ որպես հումք ներմուծվող սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելը տնտեսական առումով աննպատակահարմար է, քանի որ դրանց գները բարձր են: Դրա արդյունքում ներմուծված հումքով արտադրված վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեք ունի և նույնիսկ ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։
Բացի այդ, վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ։ ԵԱՏՄ որոշ երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը, այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ երկրներ։
Նշենք, որ Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ մետաղի ջարդոնի արտահանման սահմանափակումը լրանում էր 2025 թվականի հունվարին։ ԵԱՏՄ իրավական կարգավորումներով 6 ամսից ավել հնարավոր չէ երկարաձգել արտահանման արգելքի ժամկետը։