ՀՀ կառավարությունը հավանություն տվեց վեճերի խաղաղ կարգավորման կոնվենցիաների վավերացմանը

ՀՀ կառավարություն
ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը նախագիծը կներկայացնի սահմանադրական դատարան, որից հետո այն կներկայացվի Ազգային ժողով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Կոնվենցիաներն ընդունվել են 1899 թ. հուլիսի 29–ին և 1907 թ. հոկտեմբերի 18–ին։ Դրանք հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի (Permanent Court of Arbitration–PCA) ստեղծման համար։ 122 պետություններ հանդիսանում են կոնվենցիաներից մեկի կամ երկուսի մասնակից (այդ թվում՝ Կոսովոն և Պաղեստինը):
«Դատարանն ընձեռում է միջազգային համագործակցության, միջազգային իրավունքի պահպանման և զարգացման, ինչպես նաև սահմանված իրավական նորմերի շրջանակներում վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմների հասանելիություն, ուստի անհրաժեշտ է ընթացք տալ Հայաստանի Հանրապետության` Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցելու գործընթացին»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Դատարանին անդամակցելը կարևորվում է նաև Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման համատեքստում՝ հնարավոր ներդրողներին տալով լրացուցիչ իրավական երաշխիքներ:
ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով ՀՀ կառավարությունը նախագիծը կներկայացնի ՀՀ սահմանադրական դատարան, որից հետո այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՍԴ–ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։