ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կներդրվի ազգային անվտանգության ծառայությունում։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Այս ծրագիրը մինչ այժմ վերաբերում էր միայն ՀՀ ՊՆ համակարգում պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինծառայողներին։
«Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում զգալի թվով պարտադիր ժամկետային զինծառայողներ ցանկություն են հայտնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնելու պայմանագրային զինվորական ծառայության»,– ասված է որոշման մեջ։
Բացի այդ, սահմանապահ զորքերը պաշտպանության նախարարությունից փուլային տարբերակով ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ է լինելու հավելյալ անձնակազմ, որը կարող է լրացվել նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի կիրառմամբ։