Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է Բաքվում պահվող գերիների և արցախահայության հարցերը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ քննարկվել է նաև եկեղեցական–ներկայացուցչական ժողովի գումարման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մինչ օրս Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում։ Այս մասին նշել են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի անդամները։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անցկացվել է նոյեմբերի 5–7–ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նախագահությամբ և Պոլսի Հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ:
«ԳՀԽ անդամներն իրենց մտահոգությունն արտահայտեցին Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ՝ կարևորելով ազգային միասնության և համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայրենիքի զորացման և ինքնիշխանության պահպանման»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խորհուրդը վերահաստատել է իր հանձնառությունն աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ազգային ինքնության պահպանմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Քննարկվել է նաև եկեղեցական–ներկայացուցչական ժողովի գումարման հարցը, ինչպես նաև անդրադարձ կատարվել ժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ օրակարգի ձևավորմանը, պատգամավորների ընտրությանը և կազմակերպչական հարցերին։