ԵՆԲ–ն 236 մլն դոլար կտա Սիսիան–Քաջարան ճանապարհի 60 կմ հատվածը կառուցման համար

Շինարարություն
Ծրագիրը երեք մասից է բաղկացած` հյուսիսային հատված` 27 կմ, հարավային հատված` 24.2 կմ և Բարգուշատի թունել` 8.6 կմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական ներդրումային բանկը 236 մլն դոլար կտա Սիսիան–Քաջարան ճանապարհի շուրջ 60 կմ հատվածը կառուցելու համար։ ՀՀ–ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությունն հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Հյուսիս–հարավի ծրագրի շրջանակում կա շուրջ 60 կմ–ոց հատված, որտեղ նախատեսված է կառուցել 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12.5 կմ երկարությամբ 9 թունել, որոնցից մեկը կլինի ամենաերկարը` 8.6 կիլոմետրանոց։
Ըստ նրա` այս ճանապարհահատվածի կառուցումը կբերի նրան, որ գործող ճանապարհը կկրճատվի 54 կմ–ով, որն էլ 1.5–2 ժամով կկրճատի երթևեկության ժամանակահատվածը։ Բացի այդ, եթե հիմա միջին արագությունը 50 կմ/ժ է, այս ճանապարհահատվածի կառուցման արդյունքում այն կդառնա 100 կմ/ժ։
«Այս ճանապարհը կառուցելիս առաջին անգամ ՀՀ–ում կկիրառենք կանաչ կամուրջներ, որոնք կապահովեն կենդանիների անխափան միգրացիոն հոսքերը»,– ասաց նախարարը։
Սանոսյանն ասաց, որ այս ծրագիրը երեք մասից է բաղկացած` հյուսիսային հատված` 27 կմ, հարավային հատված` 24.2 կմ և Բարգուշատի թունել` 8.6 կմ։
Այս ծրագրով նախատեսված շինարարությունը կիրականացվի մինչև 2031 թվականը, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը նախանշված է մինչև 2033 թվականը։
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում սկսվել են 360 մ թունելի կառուցման աշխատանքները