ԱՊՀ երկրները կմշակեն ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծ. գլխավոր քարտուղար

ԱՊՀ զինված ուժերի մարտական և մարտավարատեխնիկական պատրաստությունը պետք է իրականացվի գործնական փորձով հարստացման հիման վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրները մինչև 2030 թվականը կմշակեն ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծը։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպմանը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ակնհայտ է, որ ներկա իրավիճակում ռազմական անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը կարևոր կայունացնող գործոն է։ Մենք ԱՊՀ-ում ձեռնամուխ ենք լինում մինչև 2030 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի նախագծի մշակմանը, որում կնշենք միջնաժամկետ հեռանկարում փոխգործակցության հստակ առաջնահերթություններն ու նոր ուղենիշները», - ասել Է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Համագործակցության երկրները ելնում են նրանից, որ ԱՊՀ պետությունների զինված ուժերի մարտական և մարտավարատեխնիկական պատրաստությունը պետք է իրականացվի առկա գործնական փորձով և գիտական նվաճումներով փոխադարձ հարստացման հիման վրա:
Նշենք, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա 12-րդ հանդիպումը տեղի է ունենում այսօր Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ: Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է ՌԴ-ում դեսպան Գուրգեն Արսենյանը: