Հետխորհրդային պետություններին իր ազդեցության հովանոցի տակ վերցնելու համար Թուրքիայի նախագահը մտադիր է դարձյալ կիրառել հին ու փորձված գործիքը` թուրքական այբուբենը։ Սեպտեմբերին Էրդողանը հայտարարեց լատինատառերի հիմքով «ընդհանուր թյուրքական այբուբեն» ստեղծելու մասին։ Այժմ նա ցանկանում է այդ այբուբենը պարտադրել Կենտրոնական Ասիայի երկրներին։
Բիշքեկում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Էրդողանն ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և օկուպացված Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել «թյուրքական այբուբենին» և Կենտրոնական Ասիայի երկրներին կոչ է արել հետևել նրանց օրինակին։
Կենտրոնական Ասիայում Ղազախստանը և Ղրղզստանը շարունակում են պահպանել կիրիլիցան` կյուրեղատառը։ Թուրքմենստանը և Ուզբեկստանը 90-ականներին կյուրեղատառը, փոխեցին լատիատառի։ Նույնն արեց նաև Ադրբեջանը։
Արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրել է, որ այբուբենը թուրքերի ձեռքին նոր գործիք չէ և այն օգտագործվում է պանթյուրքիստական գաղափարը կյանքի կոչելու նպատակով։