ՌԴ–ն կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ` խստորեն պաշտպանելով սեփական ազգային շահերը. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նաև ընդգծել են` Ռուսաստանի պայմաններն անփոփոխ են, և դրանք Վաշինգտոնում հայտնի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ` խստորեն պաշտպանելով սեփական ազգային շահերը։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունն` անդրադառնալով ԱՄՆ նախագահի ընտրություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է ընտրիչների 277 քվե, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ է 270–ը։
«Մոսկվան պատրանքներ չի տածում ԱՄՆ ընտրված նախագահի նկատմամբ, որը Ռուսաստանում լավ հայտնի է, և Կոնգրեսի նոր կազմի նկատմամբ, որտեղ հանրապետականները, նախնական տվյալներով, մեծամասնություն են կազմել։ ԱՄՆ–ում իշխող քաղաքական էլիտան, անկախ կուսակցական պատկանելությունից, հավատարիմ է հակառուսական դիրքորոշմանը և «Մոսկվային զսպելու» գծին։ Այս գիծը ենթակա չէ ԱՄՆ ներքաղաքական բարոմետրի տատանումներին»,– ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ից ևս մեկ անգամ ընդգծել են` Ռուսաստանը կաշխատի նոր վարչակազմի հետ, երբ նա հաստատվի Սպիտակ տանը, բայց խստորեն կպաշտպանի Ռուսաստանի ազգային շահերը:
«Մեր պայմաններն անփոփոխ են, և դրանք Վաշինգտոնում հայտնի են»,– նշել են ՌԴ ԱԳՆ–ից։
Արտաքին գերատեսչությունից նաև նշում են, որ ԱՄՆ ընտրությունները ցույց տվեցին` ամերիկյան հասարակության մեջ կա խորը պառակտում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում 344 մլն բնակչությունից ընտրելու իրավունք ունի 244 միլիոնը։