ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայում Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել է բողոք նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ռուս դիտորդների նկատմամբ ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքը։
«Ռուսաստանի Դաշնությունում Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիան Դարին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ: Դեսպանին վճռական բողոք է հայտնվել Մոլդովայի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ռուսաստանցի կարճաժամկետ դիտորդների նկատմամբ պաշտոնական Քիշնևի ոչ բարեկամական խտրական գործողությունների կապակցությամբ»,- նշել են ԱԳՆ-ում։
Գերատեսչությունում ընդգծել են, որ քվեարկության առաջին փուլից և ԵՄ-ին անդամակցելու շուրջ սահմանադրական հանրաքվեից առաջ, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին, մոլդովական իշխանություններն անհիմն մերժել են Ռուսաստանից հինգ միջազգային դիտորդների հավատարմագրումը:
Մինչև ընտրությունների երկրորդ փուլը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, Քիշնևի օդանավակայանում մերժվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության երեք ռուս անդամների մուտքը Մոլդովա, թեև նրանք հավատարմագրված էին Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
«Քիշնևի այդօրինակ գործողությունները հանդիսանում են ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում, մասնավորապես, ԵԱՀԽ 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթի և 2002 թվականի ԱՊՀ կոնվենցիայի ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին, որոնց մասնակիցն է Մոլդովայի Հանրապետությունը», – հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում արձանագրել են, որ այդ քայլերը ձեռնարկվել են ԵՄ թեկնածու պետության կողմից, ինչը համապատասխան կերպով բնութագրում է եվրոպական ժողովրդավարական արժեքները, որոնց պահպանմանը ձգտում է Մոլդովայի ղեկավարությունը:
«Ռուսաստանից միջազգային դիտորդների նկատմամբ Մոլդովայի իշխանությունների աղաղակող գործողությունների կապակցությամբ նման դիտողություն է արվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարությանը Վիեննայում ԵԱՀԿ Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գծով», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։
Մոլդովայի ԿԸՀ նախնական տվյալներով՝ գործող նախագահ Մայա Սանդուն (արևմտամետ թեկնածու) նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է 55,33 %, Ալեքսանդր Ստոյանոգլոն (նախկին գլխավոր դատախազ, ծագումով Գագաուզիայից)՝ 44,67 %:
Ձայների հաշվարկը սկսվելուց հետո Ստոյանոգլոն, փոքր տարբերությամբ, առաջատարն էր, սակայն քվեների հաշվարկի ընթացքում՝ հատկապես արտերկրի ընտրական տեղամասերից արձանագրությունները ստանալուց հետո, արդյունքները «գլխիվայր շրջվեցին»։