ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ վկայակոչելով երկու երկրների նախագահների համատեղ հայտարարությունը։
«Նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը, որը թույլ կտա տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատել՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Նախագահները նաև ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) զարգացման համար։
Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով 2024 թվականի նոյեմբերի 4-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով Ֆրանսիայում էր:
2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։