ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին առաջիկայում կայցելի Իրան: Նա այդ մասին հայտնել է լրագրողներին։
«Մենք այդ հարցն արդեն քննարկում ենք Իրանի մեր գործընկերների հետ։ Առաջիկայում կայցելեմ այնտեղ», - ասել է Գրոսսին։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, Իրանն ատոմային ոլորտում գործունեություն է իրականացնում ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո ու կանոնների շրջանակում, և Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային հարցը կարող է լուծվել, եթե խոշոր տերությունները չափազանց մեծ պահանջներ չներկայացնեն:
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: