Լարսում կուտակումներ են. ավելի քան 300 հայկական բեռնատար է անցակետում սպասում իր հերթին

Այս պահին հերթի մեջ ընդհանուր առմամբ 965 բեռնատար կա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար սպասում է էլեկտրոնային հերթի մեջ: Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում նոյեմբերի 5–ի առավոտյան տեղացած ձյան պատճառով Լարսի անցակետը փակվել էր բեռնատարների համար: Այսօր առավոտից երթևեկությունը վերականգնվել է։
Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը հայտնում է, որ այս պահին հերթի մեջ սպասում է 965 բեռնատար: Դեպի Վրաստան մեկնելու համար էլեկտրոնային հարթակում գրանցված է 303 հայկական բեռնատար։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամեն օր Վերին Լարսով անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ Վերին Լարսը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):