Ձևավորվում է կոնսենսուս, որ Փաշինյանն իր գործառույթներն ի վիճակի չէ կատարել․ քաղտեխնոլոգ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին. Արխիվային լուսանկար
Հակոբյանի կարծիքով՝ այսօր թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմնակիցները դժգոհ են իրենց ընտրությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանյան հասարակության շրջանում աստիճանաբար ձևավորվում է կոնսենսուս, որ Փաշինյանն իր պարտականություններն ի վիճակի չէ կատարել, և Հայաստանում պետք են փոփոխություններ, այլ հարց է, թե որն է այդ այլընտրանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության վերջին հարցումների արդյունքները։ Հարցվածների մոտ 58 տոկոսը նշել էր, որ դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ այդ դժգոհության համար 2 հիմնական պատճառ կա․ առաջնահերթն անվտանգությանն առնչվող խնդիրներ են, և անվտանգային երաշխիքների բացակայությունը։
«Նման խոստումներ են եղել ընտրություններից և՛ առաջ, և՛ հետո։ Ըստ էության, այդ խոստումներով էր Փաշինյանը կերակրում ընտրողներին, երբ փորձում էր 2021թ․ վերաընտրվել, դրանից հետո էլ այդ հույսերով էր կերակրում»,- նշում է քաղտեխնոլոգը։
Երկրորդ գործոնն էլ, ըստ Հակոբյանի, տնտեսության ներկա վիճակն է։ Որքան էլ պաշտոնական թվեր հրապարակվեն, թե հայաստանյան տնտեսությունն աճ է գրանցել, բայց դա, այսպես ասած, կիրառական նշանակություն չունի բնակչության համար։ Ըստ նրա՝ տնտեսական աճը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ, ներհայաստանյան գործոններով, այլ արտաքին․ Հայաստանը զուտ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի «շահառուն» է, տարանցիկ երկիր դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։
«Երբ Հայաստանի իշխանություններն իրենց են վերագրում տնտեսական աճի արդյունքները, այստեղ սուտ են ասում, քանի որ զուտ արտաքին գործոններ են, որոնք ոչ մի լուրջ արժեք Հայաստանի համար չեն ստեղծում, բնականաբար նաև բնակչության կենսամակարդակի վրա չեն ազդում»,- ասում է նա։
Ըստ հարցումների արդյունքների՝ Ազգային ժողովի աշխատանքից դժգոհությունն էլ գերազանցում է 63 տոկոսը։ ՀՀ քաղաքացիները դժգոհ են ԱԺ բոլոր խմբակցությունների աշխատանքից։ 5 բալանոց սանդղակից, պայմանով, որ դրական շեմը համարվում է 3 բալը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է 2,3 բալ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 բալ, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը` 1,9 բալ։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ անգամ Փաշինյանի կողմնակիցներից շատերը կարծում են, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները խանգարում են վարչապետին ու չեն թողնում աշխատել։
«Էն արտահայտությունը, թե «խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ամեն տեղ խանգարում են, սաբոտաժ է՝ տնից սկսած, գործի տեղով վերջացրած», ցույց է տալիս, որ խորհրդարանի հետ իրենց ապագան ու ներկան չեն կապում անգամ Փաշինյանի մոլի երկրպագուները»,- այսպես է բացատրում Հակոբյանն այն հանգամանքը, որ կուսակցության վարկանիշն անգամ ավելի ցածր է, քան վարչապետինը։
Ընդդիմության գործունեությունից և դրա արդյունքից էլ են մարդիկ դժգոհ, քանի որ ընդդիմությունն էլ խոստանում էր օր առաջ իշխանափոխություն անել, սակայն խոստումներն ու պատրանքներն իրականություն չդարձան։ Արդյունքում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմնակիցները դժգոհ են իրենց ընտրությունից։ Կազդի՞ արդյոք այս ամենն առաջիկայում ընտրությունների վրա։ Քաղտեխնոլոգի կարծիքով՝ այո, հատկապես խորհրդարանական ընդդիմության համար, առավել ևս, եթե ընտրություններին մասնակցեն այլ՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր։
«Կարծում եմ՝ բարդ է լինելու այսօրվա խորհրդարանական ընդդիմության համար կրկնել թեկուզ այն արդյունքը, որ ունեցան 2021թ․ ընթացքում»,- ընդգծում է քաղտեխնոլոգը։
Ըստ նրա՝ կարևոր է, որ ընդդիմությունը փորձի ներկայացնել նոր մարդկանց, որոնք կտարբերվեն եղածից։ Հասարակական պահանջն այսօր որևէ կուսակցության հետ կապ չունեցող առաջնորդն է, ով նաև ծրագրային նոր բովանդակությամբ կգա։ Հակոբյանի խոսքով՝ մասնավորապես անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության կոնցեպտին» այլընտրանք։
«Փաշինյանի կոնցեպտն իր էությամբ կապիտուլյացիա է, բայց «խաղաղություն» բառի մոնոպոլիան նրա ձեռքում է»,- նշում է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմության մեծագույն սխալն է, որ թույլ է տվել՝ միայն Փաշինյանը խոսի խաղաղության մասին, մյուսներին էլ դարձնի «պատերազմի» կուսակցություններ։