ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ լսումներ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ լսումները տեղի կունենան նոյեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում, որը հրավիրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։
«Կքննարկվի «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Լսումները նախագահելու է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքում և կից օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Հիմնական փոփոխությունը վերաբերում է արտակարգ կամ ռազմական դրության դեպքերին։ Ըստ նախագծի` եթե քվեարկության ընթացքում` մինչև ձայների հաշվարկի ավարտը կամ վերջնական արդյունքների գրանցումը, արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա ընտրական գործընթացը կասեցվում է, իսկ արտակարգ կամ ռազմական դրության չեղարկումից հետո կազմակերպվում է նոր քվեարկություն։