Արգելանքը վերացվեց. Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կրկին կվարեն «Իմնեմնիմին»

Սաղաթելյանի և Սամսոնյանի նկատմամբնախաձեռնված քրեական հետապնդումից հետո հաղորդումը վարում էին հասարակական–քաղաքական տարբեր գործիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ «Իմնեմնիմի» հաղորդումը վարելու արգելքն այսօր վերացվել է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշել է, որ հաղորդման համահեղինակներն այսօր անձամբ կվարեն «Իմնեմնիմի» հաղորդումը:
«Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը և վերացրեց հաղորդաշարը վարելու արգելքը»,– գրել է Բաբայանը։
Նշենք, որ նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումից հետո հաղորդումը վարում էին հասարակական–քաղաքական տարբեր գործիչներ։
Հիշեցնենք` մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել էին նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։
Նրանց մեղադրանք էր առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգենը Սաղաթելյանն ազատությունից զրկվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոշտ բառապաշարով քննարկելուց հետո։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը մայիսի 21-ին որոշում կայացրեց, համաձայն որի` Սամսոնյանն ու Սաղաթելյանն ազատ արձակվեցին։ Խափանման միջոց կալանքը վերացվեց, նրանց նկատմամբ ընտրվեց վարչական վերահսկողություն, նրանք նաև 3 ամիս չէին կարող վարել «Իմնեմնիմին» կամ որևէ այլ հաղորդում։