ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը

Սերգեյ Շոյգուն հանդես կգա միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտներում տիրող իրավիճակի մասին զեկույցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը, որը կանցկացվի վաղը նոյեմբերի 7-ին, ներկա կլինի նաև ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԽՔ գրասենյակը։
Թվով 12-րդ հանդիպումը կանցկացվի ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ, այն տեղի է ունենալու Մոսկվայում։
«Շոյգուն հանդես կգա միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտներում տիրող իրավիճակի մասին զեկույցով, կտեղեկացնի ԱՊՀ տարածքում մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ոլորտում կատարված աշխատանքների մասին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցելու են ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Մարչել Չենուշան։
Մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ հանդիպմանն առանձին կքննարկվեն տեղեկատվական անվտանգության խնդիրները և Աֆղանստանի հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Օրակարգում ընդգրկված են նաև Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցառումների մասին հարցեր:
ԱՊՀ երկրները միասին քրեակատարողական ծառայության համար կադրեր կպատրաստեն. որոշում