էկոնոմիկայի նախարարությունը երեկ հայտարարեց, որ փոխնախարար Սևակ Միքայելյանը նոյեմբերի 4-ին հանդիպել էր ՀՀ–ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի և «Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ։
Ըստ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են «Մասդար»-ի նախագծում Հայաստանի կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները։
Սա այն ընկերությունն է, որը դեռ 2021թ–ին շահել է Թալինում 200 ՄգՎ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու ծրագիրը։ Մրցույթը շահել է, բայց շինարարությունը չի սկսել։
Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը, խոսելով ՀՀ–ում արևային էներգետիկայի զարգացման մասին և բերելով Թալինի արևային կայանի օրինակը, նշել է, որ մինչ Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ բանակցում է, արաբական նույն ընկերությունը Ադրբեջանի պատվերով նույնատիպ արևային կայան է կառուցում 44–օրյա պատերամի հետևանքով գրավված Ջեբրայիլի տարածքում։ Եվ, այդ կայանն, ի տարբերությունում Հայաստանում թղթի վրա մնացածի, շուտով արդեն կհանձնվի շահագործման։
«Ձեզ որպես գաղտնիք ասեմ` շինարարությունը չի էլ մեկնարկել։ Հիմա որպես նոր ժամկետ նշվում է 2025թ–ը, բայց ռազմավարական նոր փաստաթղթով, որը շուտով կհրապարակվի, արդեն 2028թ–ն է նախատեսված»,– ասել է փորձագետը։