ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 2023 թ. նոյեմբերի համեմատ այս պահին Սևանի ջրի մակարդակը 22 սմ բարձրացել է։ Այդ մասին 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Իրականացնում ենք նաև Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ, փորձում ենք ամեն ինչ անել, որ լիճ թափվող կեղտաջրերը կամ չթափվեն, կամ մաքրման պրոցես անցնեն»,– ասաց Սիմիդյանը։
Նա ավելացրեց, որ լճի մաքրման համար նախատեսված է քանդել ափամերձ շուրջ 280 ապօրինի շենք–շինություններ։
Նախարարին ուրախացրել է այն փաստը, որ ոռոգման նպատակով այս տարի լճից բաց է թողնվել ընդամենը 135 մլն խմ ջուր։
«Դա վերջին 15 տարվա ընթացքում լավագույն ցուցանիշն է. դա մեզ ուրախացնում է, քանի որ քիչ ենք բաց թողել»,– ասաց Սիմիդյանը։
Նախարարն անդրադարձավ նաև Սևանի իշխանի վերադարձի ծրագրին` նշելով, որ պաշարների վերականգնման համար 2025 թվականին կհատկացվի 495 մլն դրամ և լիճ բաց կթողնվի իշխանի երկու տեսակների 520 հազար մանրաձուկ։
Նշենք, որ օրենքով Սևանա լճից նախատեսված է տարեկան մինչև 170 մլն խորամարդ մետր ջրառ։