ՌԴ գյուղնախարարը կժամանի Հայաստան՝ անասունների համար պատվաստանյութերի հարցը քննարկելու

Հայկական կողմը հույս ունի, որ ռուսական արտադրողներից ուղղակի՝ առանց միջնորդների գնումների հաշվին կհաջողվի գներն իջեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 15-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը՝ քննարկելու անասունների համար պատվաստանյութերի վաճառքի նոր սխեմաները: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Անասունների համար պատվաստանյութերի ձեռքբերման համար հաջորդ տարի կհատկացվի 2,35 մլրդ դրամ (6 մլն դոլարից մի փոքր ավելի)։ Հայկական կողմը հույս ունի, որ ռուսական արտադրողներից ուղղակի՝ առանց միջնորդների գնումների հաշվին կհաջողվի գներն իջեցնել։
Նշենք, որ Հայաստանում անասունների պատվաստումը պլանային բնույթ է կրում և իրականացվում է պարբերաբար։