Ռաուլը կարող է դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Կապառոսն ու Պետրակովը ցույց տվեցին, որ շատ գործոններով արտասահմանից եկած մասնագետներն առավելություն ունեն, կարծում է ՀՖՖ փոխնախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավագականի նոր մարզիչ կարող է դառնալ իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը։ Այս մասին Fast Sport–ի հետ զրույցում ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։
«Դիտարկում ենք երկու տարբերակ` մարզիչ, որը հավաքականը կգլխավորի առաջիկա երկու խաղերից սկսած և մարզիչ, որն աշխատանքը կսկսի հաջորդ տարվանից: Թեկնածուների թվում շատ մասնագետներ կան, այդ թվում` Ռաուլը»,– ասել է նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին ՀՖՖ–ն հայտնել էր, որ Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի հավաքականը: Նա հեռացվել էր պաշտոնից Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո, որտեղ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտվել էր մրցակցին 0։2 հաշվով։
Արմեն Նիկողոսյանը հայտնել է, որ Պետրակովը նաև անձնական խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել շտապ մեկնել, իսկ նրա մարզչական շտաբի անդամները մնացել են և այժմ էլ աշխատում են:
Ինչ վերաբերում է նոր մարզչին, ապա ՀՖՖ փոխնախագահը հայտնել է, որ ամենօրյա բանակցություններ են ընթանում։
«Հանդիպել ենք Միշել Տեր-Զաքարյանի հետ, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք: Հստակ է` նոր մարզիչը կլինի արտասահմանից: Կապառոսն ու Պետրակովը ցույց տվեցին, որ շատ գործոններով արտասահմանից եկած մասնագետներն առավելություն ունեն»,– ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբների` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին` Նիկողոսյանը նշել է, որ նման պահվածքն անընդունելի է: