ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում որոշվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի թեկնածու առաջադրել Կոտայքի նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված նիստում որոշում է կայացվել ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ։
Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է կես տարի` 2020 թվականի նոյեմբերի 26–ից մինչև 2021 թվականի մայիսի 27-ը։ Մինչ այդ նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր:
Հիշեցնենք` հոկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ–ին։ Գրեթե միաժամանակ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, որը մինչ նախարարություն տեղափոխվելը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀԷՑ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»–ում։ Մամուլը երկու պաշտոնյաների հրաժարականները պայմանավորում է էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, նաև այդ հարցով ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով: